ԶՎԱՐԹՆՈՑ ԿԱՄ ԼԵԳԵՆԴ ԼԵԳԵՆԴԻ ՄԱՍԻՆ (ՄԱՍ 1)

ԶՎԱՐԹՆՈՑ ԿԱՄ ԼԵԳԵՆԴ ԼԵԳԵՆԴԻ ՄԱՍԻՆ (ՄԱՍ 1)

IMG_2253

Կարճատև դադարից հետո մենք նորից սկսում ենք մեր հայրենաճանաչողական արշավը: Լռությունն ինքնանպատակ չէր, քանի որ հաջորդ սուբյեկտը, որը գրավեց մեր ուշադրությունը հայկական ճարտարապետության հիրավի նախադեպը չունեցող մի կոթող էրԶվարթնոցի տաճարը: Տաճարն աննախադեպ էր հայկական ճարտարապետության մեջ  թե իր ծավալներով, թե իր նախագծով գլանաձև-եռաստիճան:
Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։ Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը, այլ աղբյուրներում հիշատակվում է նաև Վաղարշապատի Սբ Գրիգոր, Առապարի Սբ Գրիգոր անուններով։ «Զվարթնոց» անվանումը հավանաբար առնչվում է նաև զվարթուն՝ հրեշտակ բառին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա (հավանաբար ավերվել է երկրաշարժից, արաբական արշավանքներից, ինչպես նաև կարծիք կա, որ ժողովրդի ձեռքով է քանդվել, իսկ թե ինչու, կիմանաք մեր հետագա նյութերում). հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև X դարը։ XX դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված էր հողով, պեղումներ կատարվել են 1901–07 թթ-ին՝ Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ, 1904-ից՝ Թորոս Թորամանյանի գիտական ղեկավարությամբ։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցն այստեղ եղել են հեթանոսական և IV–V դարերի կառույցներ։ Հնագույնը 0,63 մ x 2,7 մ չափերի կոթողն է (գտնվում է Զվարթնոցի թանգարանում)՝ Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությամբ։ Պեղումներով հայտնաբերվել են տաճարը, կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խցեր և այլն)։ Պահպանվել են տաճարի հատակը, տեղ-տեղ՝ ստորին որմնաշարը, սյուների խոյակներ, խարիսխներ, արևի քանդակազարդ ժամացույցը, խճանկարի, որմնանկարի և այլ մնացորդներ։ Տաճարի կառուցման համար օգտագործվել են տարբեր որակների և երանգների տուֆեր, պոչավոր քարեր, չեչաքար, պեմզա, վանակատ և այլն։

ՏԱՃԱՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՃԻ ՄԱՍԻՆ

zvartnots

3D. Զվարթնօց տաճարի շարժական եռաչափ պատկերը

Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում։ Արտաքուստ՝ եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն էր, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է։ Վերջինիս խորանները միավորված են 4 զանգվածեղ մույթերով, որոնք վերին՝ կապող 4 կամարների և առագաստների հետ կազմում են գմբեթակիր միաձույլ համակարգ։ Տաճարն ունեցել է 5 շքամուտք։ Տաճարի առաջին աստիճանի ճակատային վերին մասն ընդգրկող գոտին քանդակազարդված է խաղողի որթերով, նռնազարդ ճյուղերով. որմնակամարների հանդիպման մասում հոգևոր և աշխարհիկ անձանց 32 բարձրաքանդակից պահպանվել են 9-ը։ Տաճարի ներսում խոյակների թևատարած արծիվները, որմնասյունազարդի ռիթմը, մույթերի սլացքը, բարձրադիր գմբեթը՝ ողջ զարդարանքի հետ, կառույցին հաղորդել են վերասլացություն։ Տաճարի բարձրաքանդակներից մեկի վրա պահպանվել է Յոհան, հավանաբար՝ տաճարի ճարտարապետի անունը։

Զվարթնոցը հայ ճարտարվեստի գլուխգործոցներից է և նրա ոճական առանձնահատկությունները, նրա կրած ազդեցության և ակունքի խնդիրները զգալի հետաքրքրություն են ներկայացնում։ Դրա համար էլ տաճարի ուսումնասիրողներն անդրադառնում են այդ հարցերին և առանձնապես զարմանալի չէ, որ հաճախ տարբեր կարծիքների են հանգում։
Թորամանյանը Զվարթնոցի շինարարական օրենքները համարում է տեղական։ Նա նկատի ունի«Նախքան Զվարթնոց, կառուցվող մեծ թվով նշանավոր հուշարձաններ անվիճելի կերպով ցույց կուտան, որ տեղական ժողովուրդը միանգամայն զարգացած էր շինարարական արվեստի մեջ»։ Ոճի խնդրում ևս Թորամանյանն ունի իր միանգամայն որոշակի կարծիքը. «Զարդաքանդակների ոճերից երևում է, որ արտաքին ներգործություններ եղել են հայոց 7րդ դարու ճարտարապետությամբ կանգնվող Զվարթնոցի գեղարվեստական մասին վրա։ Հունահռոմեական և սիրիական ոճերի մասնակի ներգործությունը ակներև է Զվարթնոցի մեջ. անշուշտ ճաշակի այս նորությունը Հայաստան բերողը ինքը Ներսես Շինողն է, որուն կյանքը նախքան կաթողիկոսանալը, անցել է Կ. Պոլսում և կամ բյուզանդական երկրներում, զինվորականի կարևոր պաշտոնում»։
Մի այլ աշխատության մեջ Թորամանյանը գրում է
Զվարթնոցը «իր ընդհանուր ձևով մինչև հիմա գոյություն ունեցող թե´ հին և թե´ նոր ոչ մեկ եկեղեցիի նման չէ»։ Վերաքննելով ճարտարապետական էլեմենտներըԹորամանյանը գրում է. «Մեծ սյուներու … խոյակները բոլորովին ինքնատիպ են, բացի վրաները հարմարեցված հունական խոյողներեն (volute)։ Կողովներու մանվածո քանդակները զուտ հայկական են ինքնատիպ է նաև արծվաքանդակ կրողխոյակներու ձևը , որը միմիայն Զվարթնոց եկեղեցիին մեջ գործածված է … moulure-ներուն մեջ բյուզանդականին խառն հայկական գծեր կնշմարվին, թեև իրենց ամբողջությամբ հպատակած են հայկական ճարտարապետության ընդհանուր օրենքին, այսինքնհունական կամ բյուզանդական ոճերու նման, moulure- փոխանակ հետզհետե դեպի խորը գնալու, քանդակված են հավասար բարձրության վրա , բան մը,որ հատուկ է միայն հայ ոճին։
Շենքին պսակը զուտ հայկական է թե´ ձևով և թե´ քանդակով»։
Կարծիքներում բավականաչափ հակասական է Զվարթնոցի ուսումնասիրողներից Ս. Մնացականյանը։ Նա, համաձայնելով եվրոպական հետազոտողներին և նկատիունենալով Թորամանյանի վերակազմությունը, գրում է։ «Գիտական աշխարհում նկատված երևույթ է այն ընդհանրությունը, որը կա մի կողմից Քրիստոսի գերեզմանի վրակառուցված տաճարի, և մյուս կողմից հայկական և արևմտաեվրոպական այդ րոտոնդաձև կառուցվածքների միջև։ Իսկ որոշ արևմտաեվրոպական ուսումնասիրողներ Զվարթնոցը մինչև իսկ նույն այդ Քրիստոսի գերեզմանի տաճարի օրինակով կառուցված հուշարձան են համարում» ։
Նույն աշխատության վերջին պարբերության մեջ գրում է. «Զվարթնոցը 5-7-րդ դարերի հայկական ճարտարապետական կուլտուրայի արգասիքն է, և նրա ճարտարապետական կերպարը բացահայտելիս պետք է ելնել ոչ թե հետագա դարերի ոճական ուղղությունների հիման վրա մշակված ձևերից, ոչ էլ հեռավոր և օտար կուլտուրաների շրջաններում ստեղծված կերպարներից, այլ հենց այն ռեալ տվյալներից, որ տալիս է բուն հուշարձանը և այն որոշակի միջավայրից, ուր մշակվել ու ձևավորվել է նրա հոյակապ կոմպոզիցիան»։
Մի այլ տեղ նկատի ունենալով իր վերակազմությունը գրում է. «այժմ, … երբ նրա ամբողջ կերպարն այնքան հարազատ, այնքան համահնչուն է դառնում VII դարի հայկական ճարտարապետությանը և հատկապես այդ էպոխայում հիմնական, որոշիչ տեղը գրավող խաչաձև կոմպոզիցիաներին, այլևս խոսք չի կարող լինել օտարամուտ ձևերի ընդօրինակ մասին…»։
Մնացականյանի ներկայացարած Զվարթնոցի վերակազմության նախագծում տաճարի առաջին աստիճանը ոչ մի ընդհանուր բան չունի երկրորդ և երրորդ աստիճանների հետ, այսինքն
նրանց համադրումը տաճարին չի տվել միասնական, ամբողջական, համահնչյուն գեղարվեստական պատկեր, այդ վերակազմությունը անկասկած կրում է մեխանիկական մոտեցման անառարկելի դրոշմ։ Մնացականյանը, Զվարթնոցի կառուցողին Կուզնեցովի նախատինքներից «փրկվելով», փորձում է տաճարի պատկերը համապատասխանեցնել 7-րդ դարում ընդունված սխեմաներին և փաստորեն այն դարձնում է անարյուն, անտաղանդ մի ստեղծագործություն։
Եվ եթե, ըստ Մնացականյանի, Զվարթնոցը հանդիսացավ 7-րդ դարի հուշարձանների գրեթե կրկնությունը և իր հետ որևէ նոր բան չբերեց հայկական ճարտարապետությանը (ինչի մասին ոչինչ չի ասում Մնացականյանը), ապա էլ ինչո՞վ է «հայ ժողովրդի ճարտարապետական կուլտուրայի պատմության փայլուն էջերից»և ինչի՞ հիման վրա է նոր վերակազմության հեղինակը Զվարթնոցը համարում մեծ գործ և նրա կառուցողին «հանճարեղ», պահանջելով «… թվում է, թե ժամանակն է, որ մի կողմ դրվեն տաճարի հանճարեղ ճարտարապետի հասցեին յուրաքանչյուր մեծ ու փոքր աշխատության էջերից հնչող մեղադրանքները և ըստ էության գնահատվի հայ ժողովրդի հանճարեղ զավակի այդ մեծ գործը»։ Մնացականյանը իր «Զվարթնոցի նոր վերակազմություն» աշխատությամբ, ըստ էության, Զվարթնոցից ու նրա կառուցողից, ինչպես և 7-րդ դարի հայ ճարտարապետությունից վերցնում է փառքի դափնին և առանց «դժվարության» տեղափոխում 11-րդ դարհամարելով այն ժամանակի իրավիճակի արգասիք, հանձնում Գագկաշենի զվարթնոցանման տաճար կառուցողին։ «10-11-րդ դարերում, երբ երկիրը բաժանված էր բազմաթիվ մանր ֆեոդալական կազմավորումների միջև», — գրում է Մնացականյանը, — «մշակվում և իր որոշակի դեմքն է ստանում այդ էպոխայի ոճական նոր ուղղությունը։… Այժմ արդեն ոչինչ  չէր ստիպում արտաքին ծավալային մշակման մեջ դրսևորել  ինտերյերի շատ անգամ բարդ, մասնատված լուծումները, և ճարտարապետները համարձակ կերպով արտաքին մի միասնական ծավալի մեջ են սկսում պարփակել նրանց։ Ոճական ահա այս նոր ուղղությունն էլ իր նոր դրսևորումը գտավ Գագիկաշենում, որտեղ երկրորդ յարուսում տետրակոնխըպարփակվեց մի շրջագծային պատով և ստացավ ռոտոնդային լուծում», այսինքնայնպիսի տեսք, որպիսին ուներ Զվարթնոցը դեռևս 7-րդ դարում։
Աշխարհի շատ ժողովուրդներ իրենց գոյության ընթացքում ստեղծել են իրենց ինքնուրույն արվեստը, համապատասխան իրենց սովորույթներին, իրենց հայրենիքի աշխարհագրական յուրահատկությանը, կլիմային, կոլորիտին։ Եվ այնտեղ, որտեղ ծաղկել է ժողովրդի ինքնագլուխ արվեստը, այնտեղ ստեղծվել են գլուխգործոցներ, կոթողներ, որոնց արժեքն ու պատմական նշանակությունը տարածվելով, դուրս է եկել հայրենիքի սահմաններից և դարձել համամարդկային սեփականություն, և ապա
հասկանալի ու հարազատ բոլորին, անկախ լեզվի և ամեն տեսակի տեղային առանձնահատկությունների տարբերության։
Համամարդկային նշանակության բարձրացած հուշարձանները, թերևս, ստեղծվել են ոչ ներփակված, նեղ ազգային պայմանների շրջանակներում, կտրված արտաքին աշխարհից, նրանք պիտի ունենային և փոխազդեցություններ և սկզբնազդակ հանդիսացող աղբյուրներ։ Ժողովուրդները բոլոր ժամանակներում, ավել կամ պակաս չափով, եղել են միմյանց կապված, թշնամական է եղել նրանց վերնախավի հարաբերությունը միմյանց հետ, թե բարեկամական, միևնույն է։ Նույնիսկ պատերազմների հետևանքով նվաճող և նվաճվող ցեղերը եղել են որոշ հարաբերության մեջ, ամեն դեպքում յուրահատուկ կապի ձևով։

Իսկ թե ինչպիսի կից կառույցներ կան տաճարի շրջակայքում, ինչ յուրահատկություններ ունեն դրանք, թեկուզ միայն իրենց գոյությամբ, ինչ հակասական կարծիքներ կան տաճարի գոյության մասին, ինչպես պեղվեց տաճարը, և ինչ նմանատիպ տաճարներ կան թե պատմական Հայաստանում և թե ամբողջ աշխարհում դուք կիմանաք հետևելով մեր հետագա նյութերին: